Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Gastenboek
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Tinus D. Graven 1
Tinus D. Graven 2
Tinus D. Graven 3
Familie-Voorouders
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Tante Julia Cornelia
Opa Oma ten Cate
Opa Oma Oud EykDuyn
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Armeense voorouders
Joseph Johannes
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Carepit Andreas
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Creet en Hotels
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
Resident C.A.Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Wun Pir Jenna
Spadilje de slaaf
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
AMIROGHLI in Farsi
Khachatur 07 04 2017
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
OVERIGE Kerkhoven.
VOC Leembruggen
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links


De trauma helicopter vliegt weer eens rond........
x zegt Psycho dat hij het slachtoffer is..........

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

08.09.2015 | 10:26

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

(սկիզբը` այստեղ)

 

ԿԻՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ

1813 թ. Հովսեփ Ամիրխանյանն ամուսնանում է գերմանուհի Հելենա Յակոբա Հերվիշի (H. J. Herwich, 1796-1846) հետ: Հ. Բուրսն այս իրողությունը բացատրում է այն բանով, որ Նիդերլանդական Հնդկաստանում` Սմարանգում, ի տարբերություն Հնդկաստանի, հայ օրիորդներ չկային, և դա ստիպողական քայլ էր:

Ավ. Ամիրխանյանն իր «Համառօտ ազգաբանութիւն»-ում նշում է ութ երեխայի անուն՝ Կոռնելիս, Դավիթ, Դանիել, Հակոբ, Հովհաննես, Ջանսեն, Մարիամ (Թերեզա), Եղիա: Սակայն մյուս աղբյուրները հավաստում են ինը երեխայի գոյությունը: Այսպես, Գ. Զաքարյանն իր «Ջավա…» գրքում ասում է. «Եթող սա զչորս ուստերս և զհինգ դստերս, որք խնամօք Բարերարին կեան ողջ և խաղաղութեամբ վայելեն զբերս իւրեանց, որոց յուսամք Տէր տացէ զշնորհս ողորմութեան իւրոյ լինիլ յիշատակ բարի արձանացուցանելով զանուն հօր իւրեանց յազգաց յազգս»: Նույն բանը պնդում է Հ. Բուրսը, և ես ստույգ եմ համարում այս երկուսին, այնինչ Ավ. Ամիրխանյանը թվարկում է ընդամենը երկու դստեր անուն: Բացի այդ, նյութը հիմնավորապես ուսումնասիրած Հ. Բուրսը հայտնում է վերին աստիճանի ուշագրավ տեղեկություն: Ըստ նրա, Հ. Ամիրխանյանը 1812 թ. ապրիլի 28-ին Դավիթ անունով արտամուսնական որդի է ունենում տեղացի մի ստրկուհուց, հետո ամուսնանում Հելենա Յակոբայի հետ: Դավիթը հետագայում դառնում է հոր երկու՝ Lady Jakoba և Helena Jakoba նավերի նավապետը, ամուսնանում Գիլհելմինա Շառլոտա Վինսենտի հետ, բայց, ավաղ, մահանում 23 տարեկան հասակում՝ 1835 թ. մարտի 14-ին, հորից երկու շաբաթ առաջ:

Գ. Զաքարյանը ներբող է հյուսել Հելենա Յակոբային. «Սա էր միամոր դուստր ուրումն գերմանացւոյ՝ ծնեալ և սնեալ ի Սամարանգ, ազնուաբարոյ, համեստ և նման առն իւրոյ գթասէր, որ մայրական ակամբ նայէր առ ամենեսին, որք էին ի խնամս առն իւրոյ: Սա յայնչափ ճոխ և շքեղ հանդերձից և մեծագին և պատուական զարդուց միշտ զհասարակն և զսոսկն զգենայր, որ և յետ մահու առն իւրոյ վաճառեաց զամենայն ընտիրսն զարդուց իւրոց ի թափել զկալուածսն յապրուստ զաւակաց իւրոց: Երանի առն, որք ունին զայսպիսի խոհական մայր»: Անշուշտ, Հ. Ամիրխանյանը մեծ սեր է տածել կնոջ հանդեպ. ութ երեխա ունենալը և երկու նավը նրա անվամբ կոչելը դրա վկայությունն են:

Երեխաների առնչությամբ Հ. Հորդանանյանը գրում է. «Բանիւմաս և Կըգու նահանգների մայրաքաղաքների նախկին բնակիչներից էին երկու եղբայրներ՝ Կոռնէլիոս և Պօղոս Յովհ. Ամիրխանեանց: Առաջինը լուսանկարիչ էր, յառաջ 6 ամսէն մէկ կ’այցելէր զանազան քաղաքներ, ի վերջոյ հաստատուած էր Բանիւմաս: Հմուտ էր հայերէնի, հոլանդերէնի և անգլիերէնի, շատ համակրելի մէկն էր: Ամուսնացած էր հոլանդուհու հետ, ունեցան մէկ որդի: Կ. Յ. Ա. 6 ամսով առաջ վախճանեց:

Պօղոս եղբայրը երկար տարիներ ի վեր բնակիչ էր Մախլանգի, մեծ խանութ ունէր և ամուսնացած էր հոլանդուհու հետ: Հիւանդկախ էր, գնաց Եւրոպա իբր 10 տարով առաջ, անդ վախճանեց:

Սրանց երեց եղբայրն էր Կարապետը, որ ի Ջուղա վերադարձին վախճանեց Շիրազում»:

Իսկ Ա. Ալպոյաճյանը նշում է. «Իր որդին Յակոբ Եւրոպա գացած է եւ իբր սերունդ հայոց Լեւոն վերջին թագաւորին, «վսեմ շքով այսմիկ կեղծի փառաւորեալ, ընդ վեհազինս փառօք ի փառս վերաճեմեալ» կը շրջագայի, մինչեւ որ Գերմանիոյ մէջ գաղտնիքը երեւան կ’ելլայ: Ասոր երկու քեռորդիքը՝ Պօղոս եւ Բարսեղ Անդրէասեան նոյն տեղւոյն մէջ կարեւոր դիրք մը կը շինեն, սակայն դժբախտաբար կ’ամուսնանան հոլանտուհիներու հետ եւ իրենց սերունդները յավէտ կ’օտարանան եւ ազգին համար կը կորսուին»: Հակոբի բախտախնդրության մասին մանրամասն գրել է Հ. Բուրսը:

Ավելի ուշագրավ է Ավ. Ամիրխանյանի վկայությունը. «Տղաներից երկուսը երթում են Եւրոպա, որից մէկը հօրը նպատակին հասնելու դիտաւորութեամբ (գուցէ Ջանը) (նկատի ունի Հովհաննեսին - Խ. Դ.) շատ դիմումներ է ունենում, սակայն ձախորդութեան է մատնւում իրեն ամբողջ աշխատութիւնքն, սրտակտուր թողնում է եւ անցնում է Տաճկաստան՝ Զէյթունի ճանապարհով երթում է Աղէքսանտրէտա: Արդիօք ո՞ւր է երթում յայտնի չէ մեզ: Նորանց մէկի բոլոր անշարժ կալւածները դեռ մնան Ջաւայում գուցէ կառավարութեան մօտ ի ապահովի, որն այժմ պատկառելի հարստութիւն դարձած է լինելու… Արդիօք վայելողն ո՞վ պիտի լինի:

Մութ է մեզ համար, արդիօ՞ք Ջաւայում մնացած տղաներից որոնց մէկը կին կամ ժառանգ ունեցած է: 1900-16 թիւ Ջաւայում եղածս ժամանակ շատ հետազօտութիւններ եմ ունեցած Յովսէփ Յ. Ամիրխանեանից որոնց ժառանգ գտնելու, բայց չեմ յաջողած: Եւ թէ եղած էլ լինեն միանգամայն ձուլուած են լինելու, որ իրենք էլ անծանօթ են իրենց նախնեաց»:

Մտադիր չեմ երեխաների կենսագրությունն ուսումնասիրել երկու պատճառով. նախ, դա անչափ դժվար (եթե չասեմ անհնարին) գործ է, թեկուզ միայն Հ. Հորդանանյանի վկայությունը, թե եղել են Կարապետ ու Պողոս անուններով որդիներ, որոնց մասին այլ աղբյուրներում հղումներ չկան, ասվածիս ապացույցն է: Երկրորդ, իմ գրվածքը Հովսեփ Ամիրխանյանի՛ մասին է:

Ըստ այդմ, նյութից չշեղվեմ և փաստեմ. Հովսեփ և Ամիրխան եղբայրների ամուսնությունների հետևանքով Ամիրխանյան գերդաստանը բաժանվեց երկու ճյուղի՝ հայկական՝ Նոր Ջուղայի, և ուծացված՝ հոլանդական: Այդ երկփեղկումը գոյություն ունի մինչ օրս:

Իսկ «հօրը նպատակին» դեռ կանդրադառնամ:

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Մտաբերենք հռչակավոր նամակը և առանձնացնենք ունեցվածքի հետ կապված այն տողերը, որոնք նշում է ինքը՝ Հովսեփ Ամիրխանյանը. «1) 1830 թվականի նոյեմբեր ամսին մտադիր եմ ապրանքներով բեռնավորված սեփական նավերովս…

2) Վայելելով բարի համբավ և համընդհանուր հարգանք, ես բախտից պարգևատրվել եմ անչափ նշանակալի հարստությամբ: Հողատարածքներ, նավեր, շինություններ՝ ամեն ինչ լիուլի ունեմ…

3) …Միայն կալվածքս ահագին քանակությամբ շաքար ու սուրճ է տալիս, ուր մնաց մյուս տարածքներս, որոնք ամեն տարի մեծ եկամուտ են բերում»: Չմոռանանք, որ նամակը գրվել է 1829-ին:

Հ. Ամիրխանյանի բիզնես-գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի՝ 1820-1826 թթ. և 1826-ից ի մահ: Առաջին շրջանում նրա հարստության հիմնական աղբյուրը եղել է ափիոնի մենավաճառությունը, որի իրավունքը ձեռք է բերել հոլանդական իշխանությունից: Ընթերցողիս համար այսօր թմրանյութ համարվող ափիոնի վաճառքը կարող է տարօրինակ թվալ, բայց այն ժամանակ նման գործունեությունը օրենքով չէր հետապնդվում: Ավելին, խրախուսվում էր:

«Ափիոն» բառը ծագում է հունարեն «opium»՝ հյութից, որ ստանում էին խաշխաշը մշակելով: Մորֆինային ալկալոիդների բարձր պարունակության շնորհիվ բժշկության մեջ այն օգտագործվում էր որպես ուժեղ ցավազրկող դեղամիջոց, հատկապես սրտի տագնապների և անքնության դեմ: XIX դ. եվրոպական մայրաքաղաքներում ու խոշոր բնակավայրերում երևան եկան, այսպես կոչված, «ափիոնային սալոնները», որտեղ մեծ գումարներ վճարելով կարելի էր խմել ափիոնի թուրմ կամ ծխել: Հասկանալի է, որ այդ դեղամիջոց-թմրամիջոցը մատակարարողը ահռելի եկամուտ էր ստանում: Եվ պատահական չէր Գ. Զաքարյանը գրում. «…Մեծամուտ շահուց մենավաճառութեան ափիոնի, զոր վարձեալ ի տերութենէ՝ ամ յամէ ստանայր անտի զառատ բերս գանձուց, որով և այնչափ բազմացաւ ճոխութիւն նորա»:

Առհասարակ այս հեղինակին հարկ է վերաբերել քննադատաբար ու մեծ վերապահումներով: Բանն այն է, որ, ճիշտ է, Գ. Զաքարյանն ինքը բնակվում և առևտրով էր զբաղվում Բաթավիայում, ժամանակային առումով ամենամոտն էր Հ. Ամիրխանյանին, իր «Ջավա…» գիրքն էլ լույս էր տեսել 1852-ին և դա կարելի կլիներ համարել սկզբնաղբյուր, սակայն վիճահարույց պնդումները, անճշտությունները չափազանց են:

Նա գրում է. «…Մինչ զի միայն տուն և կարասիք տան նորա՝ զարդք տիկնոջն, կառք, երիվարք և ջորիքն արժէին անդր քան զհինգ հարիւր հազար գիլդրս, թող զմեծամեծ կալուածս, զերիս նաւս, զոսկիս և զարծաթիսն:

Գերիք նորա էին աւելի քան զութսուն՝ համայնք ի պիտանաւորաց և մեծագնոց: Երբեմն երեսուն ջուղայեցի և հայաստանցի հայկազունք կախեալ էին ի շնորհաց նորա»:

Այսինքն՝ Հ. Ամիրխանյանի տունը, կահ-կարասին, տիկնոջ զարդեղենը, կառքերը, ձիերը, ջորիները արժեին ավելի քան կես միլիոն գուլդեն, չհաշված ընդարձակ կալվածքները, երեք նավերը (ուշադրություն դարձրեք՝ երեք նավերը), ոսկին և արծաթը: Տեղացի ստրուկները 80-ն էին, իսկ 30 ջուղայեցի ու հայաստանցի էլ աշխատում էին իր մոտ:

Հ. Բուրսը հստակ նշում է՝ Հ. Ամիրխանյանի ստրուկները 32-ն էին:

Գ. Զաքարյանը շարունակում է. «Բայց յետ թուոյն 1826 այս ամենայն փառք և յաջողութիւնք նորա ձախորդութիւնք յամենայն կողմանց, որոց սկիզբն եղև ի խռովութենէ Ջավայ, յորմէ ոչ միայն կրեաց զբազում վնասս, այլև յետոյ տուժեաց զհարկ խռովեալ տեղեացն ընդդէմ դաշին տէրութեան, զորմէ և վեր անդր ծանուցաք: (Դաշն մի գնելոյ զմենավաճառութիւն ափիոնի էր այսպէս. զի եթէ ուրեք ի վարձեալ տեղիսն ծագեսցի խռովութիւն ինչ՝ մինչ արգելեալ լիցի վաճառումն ափիոնի՝ տէրութեան պարտականութիւն լիցի ուղղութիւն ածել զայն տեղիսն, և ցորչափ խռովութիւնն տևէ յայնս՝ վարձողն ափիոնի ազատ լից ի հարկաց: Զայսպիսի իրաւացի դաշն մի ունելով պարոն Յովսէփայ ընդ տէրութեանն՝ յետ պահեաց զտասն և ութն ամսոց հարկ ապստամբեալ գաւառացն, որ բովանդակէր ի վերոյ յիշեալ գումար՝ ինն հարիւր և երեսուն հազար գիլդրացն: Թէպէտ կուսակալ բարօն Ֆանդր Կապէլն և խորհրդականք նորա յուսադրեալ էին ազատ կացուցանել զնա ի հատուցմանէ անտի, բայց ի գալ կումիսարիս ջնրալ Դըբիւսին ամենայն խոստմունք առաջնոցն առ ոչ ինչ գրեցան, զի փակեալ նորա զաչս և զականջս ընդդէմ դաշին և իրաւանց՝ թէ ամոքական և թէ խիստ բանիւ էած զպարոն Յովսէփն ի հաւանութիւն հատուցման: Որ թէև յետոյ ջանացաւ և մեծ գումար փող ևս ծախեաց՝ կրկին ի ձեռս բերել զայս կորուստ, բայց ըստորում առակ է թէ. «Որ ինչ եմուտ յարկդ հոլանդացւոց, այլ ոչ տեսանէ զարև», զոչ ինչ շահեցաւ): Ապա թիւր խորհրդով բարեկամաց եթող և զվարձումն մենավաճառութեան ափիոնի, ուստի կորոյս իսպառ զյաջողութիւն իւր: Այլև պարտեցաւ ի դատաստանի և տուժեաց զքանի մի մեծամեծ վէճս անիրաւ պահանջմանց, ծախեաց ամ ամէ զանթիւ դրամս ի վերայ կալուածոց իւրոց ի ձեռն անհմուտ վերակացուաց և քաղեաց անտի զոչինչ:

Եւ մեծ վնաս ստացուածոց եղև մեծարու պարոն Յովսէփայ Յովհաննիսի Ամիրեանց՝ այժմ հանգուցելոյ, որ զայսու ժամանակաւ վարձեալ ունէր զմենավաճառութիւնն ափիոնի մինչև զվերջ 1826 ամին, որով ոչ միայն զի խափանեցաւ վաճառ իւր ի խռովեալ տեղիսն և ի շահոյս զրկեցաւ, կորոյս զմեծ գումարի ափիոն, զխահֆէ և զուտ դրամս ի հուր և յաւար ապստամբողաց, այլև տուժեաց յետոյ զհարկ նոյն տեղեացն, զոր ի սկիզբանէ խռովութեան մինչև ցաւարտ մենավաճառութեան իւրոյ չէր հատուցեալ, գոլով 930.000 գիլդր, որ է իբրև 510000 Սպանիոյ մառչիլս՝ ըստ այժմու հաշուի:

Սա ի գալ Ֆանգէնին և ի խաղալ յերկրամէջսն, մեծ առատասրտութիւն եցոյց տէրութեանն՝ ի պարծանս հայկազանց, բայց և շահեցաւ ոչ ինչ, զի առաքեսց զկնի նորա զարջառս, զոչխարս, զգոմէշ, զհաց, զգինի, զցքի և բանջարեղէնս՝ ի պաշար զօրաց նորա վասն միոյ շաբաթու»:

Մինչ այս մեջբերումը մեկնաբանելը, հարկ է պատմական «պտույտ մը» կատարել:

1825 թ. Ճավայի բնիկները՝ արքայազն Դիպոնեգորոյի գլխավորությամբ, ապստամբեցին հոլանդացիների դեմ, և դա պատմության մեջ հայտնի է Ճավայի պատերազմ անվամբ: Ապստամբության պատրվակ հանդիսացավ հոլանդական գաղութային իշխանությունների որոշումը՝ ճանապարհ կառուցել Դիպոնեգորոյի տիրույթների, ավելի ստույգ՝ նրա տոհմի հնամենի գերեզմանատան միջով: Սկզբնական շրջանում արքայազնը, լայն աջակցություն ստանալով տեղական բնակչությունից, հաջողությունների հասավ՝ տիրեց Ճավայի կենտրոնական մասը և պաշարեց ինդոնեզական արվեստի ու մշակույթի խորհրդանիշ Ջոկյակարտա քաղաքը: Սակայն շուտով Դիպոնեգորոն խնդիրներ ունեցավ իր զորքերը համալրելու հարցում, իսկ հոլանդացիները աջակցություն ստացան Սուլավեսի կղզուց, ինչի արդյունքում գեներալ դե Կոկը 1825 թ. սեպտեմբերի 25-ին ապաշրջափակեց Ջոկյակարտան: Դիպոնեգորոն անցավ պարտիզանական պայքարի: 1827 թ. հոլանդացիները կարողացան վերահսկողության տակ առնել կղզու մեծ մասը, բայց պայքարը շարունակվեց մինչև 1830 թվականը: Դիպոնեգորոն ուղևորվեց բանակցությունների, սակայն հայտնվեց ծուղակում և աքսորվեց Սուլավեսի: Ճավայի պատերազմը խլեց 200 հազար տեղացիների և 10 հազար հոլանդացիների կյանք:

Ի՞նչ առնչություն ունեին հայերը այս պատերազմի հետ: Վերևում արդեն ասացի, որ մեր ազգակիցները 1747 թ. իրավական տեսակետից ստացել էին ազատ քաղաքացու արտոնագիր, որը ենթադրում էր ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ: Վերջիններից մեկը ռազմական գործողությունների ժամանակ, բնականաբար, հոլանդացիներին աջակցելն էր: Գ. Զաքարյանը հետաքրքիր տեղեկություն է հաղորդում. «Ի վնասուց և ի կորստեան աստի մասն և բաժին անկաւ մերոց հայկազուն բնակելոց ի Սմարանգ, զի երկուք ի նոցանէ՝ Խաչիկ Ծատուրեան Տէր-Մարգարեանց և Յակոբ Մարտիրոսեան, որք էին ժողովրդական նորակիրթ հեծելազօրք, կորուսին զկեանս ծաղկափթիթ պատանեկութեան իւրեանց ի սկիզբն ապստամբութեան յառաջնում մարտի ի դաշտին Դմսկայ, որ է իբրև 32 մղոնօք հեռի ի Սամարանգայ»: Այսինքն, սմարանգցի երկու երիտասարդ հայեր՝ Խաչիկ Ծատուրի Տեր-Մարգարյանը և Հակոբ Մարտիրոսյանը, աշխարհազորային հեծելազորի կազմում հոլանդացիների կողմից մասնակցել են ճակատամարտի ու զոհվել…

(շարունակելի)

 click here for part 6 / սեղմեք այստեղ տեսնելու մաս 6

Top

Copyrights imexbo.nl , imexbo.org , imexbo.eu | Why do you visit this website if you can't read.....