Home
Een dankwoord
Sitemap
Laatste updates
Curse of diaspora
Wie ik ben
Mijn ouders
Gerelateerden
Tinus Dezentjé
Tinus D. Graven 1
Tinus D. Graven 2
Tinus D. Graven 3
Voorouders & familie
Oom Henri Tjimahi
Oom Cornelis DRESDEN
Oom Julius WALES
Oom W.E. & de SST
Tante Julia Cornelia
Opa Oma ten Cate
Opa Oma ten Cate 2
Opa Oma Oud EykDuyn
Banjarmasin van Dorp
Banjarmasin Schwaner
MartapuraBanjarmasin
Opa Julius 3de huwlk
Jan Coenrades Boers
Graf van JC Boers
Instrumenten JCBoers
Boers en clavecimbel
Armeense voorouders
Fam BASIL JOHANNESS
Arm. kerk Amsterdam
De Zijderoute
Joseph Johannes
Mack Jos Joha Amirkh
Paul Minas Johannes
Amir Johannes I
What's in a name
AJ II Petrus Blumb.
Petr.Bl.Rijkee Lav 1
Petr.Bl.Rijkee Lav 2
AJIII Nahapit Marthe
De gebrs. ANDREAS
Barsekh Andreas
Paulus Andreas
Paulus A's kinderen
Carepit Andreas
Nazaten Bar en Pau
George Apcar TA I
Sarkies Apcar TA II
Foto's Apcar TA III
Nazaat Apcar TA IV
G.J.Apcar/Vardanian
Creet en Hotels
Mckrtich Carapiet I
Mckrtich Carapiet II
Pownall Carapiet
Fam. JOHAN-POLAND
Aganoor geb. Zorab
Zorab van Asdonck
V.Zorab en H. John
Familie Boldy
Arakiel C. Vardon
Willy Galstaun
Paar leden Galstaun
Sophie Galistan
Galistan Cheribon
Marcar Johannes Amir
Marc Joh Amir deel 2
Arm.kerk Dhaka
M.J. Martin Dhaka
Marcar David Dhaka
Elizabeth David Dhak
Eugenie David Dhaka
Edgar & Victoria
KNIL Pensioen
Lt.Gen.W.E.Kroesen
Resident C.A.Kroesen
Marie Wilh. Kroesen
As.Res. J.A. Kroesen
Een stuk genealogie
Spadilje de slaaf
Wilis en Oranje 1911
Familie foto's
Verloren familie
Khachatur 10 7 2015
Khachatur 17 7 2015
Khachatur 25 7 2015
Khachatur 31 7 2015
Khachatur 08 9 2015
Khachatur 11 9 2015
Khachatur 18 9 2015
Khachatur 25 9 2015
Khachatur 16 10 2015
Khachatur 23 10 2015
Khachatur 30 10 2015
Khachatur 07 04 2017
AMIROGHLI in Farsi
Surabaya's historie
Cannalaan buaya's
Inleiding KH Peneleh
OVERIGE Kerkhoven.
Malacca VOC tijden 1
Malacca VOC tijden 2
COCHIN VOC tijden
I4E Graven Den Haag
Indië en oorlog
Archipel oorlogen
Zieleroerselen
Diverse verhalen
Java na de Engelsen
Volkeren in Indië
Indo's in den Verre
Externe Indo links

Mr. Khachatur Dadayan is a well known author/journalist/historian who has written a serie of articles about Armenians in Indonesia, focussed at my great-grandfather Agha Hovsep Hovhanes Amirkhanyan. The articles are copyright of www.irates.am and I have full permission to replace the articles on my website. Unauthorized copy is strictly forbidden unless written permission is granted from www.irates.am , Mr. Khachatur Dadayan or the undersigned.

Խաչատուր Դադայանը է հայտնի հեղինակ / լրագրող / պատմաբանը, ով գրել է մի սերիա հոդվածներ հայերի Ինդոնեզիայում, նվիրված է իմ մեծ պապի Աղա Հովսեփ Հովհաննես Amirkhanyan. Հոդվածները են հեղինակային www.irates.am , եւ ես պետք է լիարժեք թույլտվություն տեղադրել հոդվածների իմ կայքը. Չարտոնված պատճենը խստիվ արգելվում է, եթե գրավոր թույլտվության շնորհվում է www.irates.am , Խաչատուր Դադայանը, թե ներքոստորագրյալ.

 

 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝  Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

11.09.2015 | 11:48

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

 

(սկիզբը` այստեղ)

Բայց դառնանք Հովսեփ Ամիրխանյանին: Նա էլ է օժանդակել հոլանդացիներին՝ մեկ շաբաթվա պարեն մատակարարելով զորքին: Սակայն խնդիրն այն էր, որ ռազմական գործողություններն ընթանում էին նրա վարձակալած կամ նրան պատկանող տարածքներում, և ըստ պաշտոնական պայմանագրի, նման ֆորսմաժորային իրադրությունում պետք է ափիոնի մենավաճառության վարձ չվճարեր: Այնինչ հոլանդացիները պայմանագիրը խզեցին և պահանջեցին մուծել մեկուկես տարվա հարկ՝ 930 հազար գուլդեն: Նախ, ասեմ, որ «գուլդեն»` նշանակում է «ոսկե», և ժամանակի գուլդենը, իրոք ոսկեդրամ էր: Հ. Բուրսը հետաքրքիր հաշվարկ է կատարել. ըստ նրա, 1824 թվականի 220 հազար գուլդենը 2012 թ. հավասար էր ավելի քան 10 մլն եվրոյի: Այնպես որ, դժվար չէ հաշվարկել, թե 930 հազար գուլդենի վարձավճարը ինչպիսի գումար էր:
Այս ամենից Գ. Զաքարյանը հետևություն է անում, որ 1826 թվականից, երբ հոլանդացիները ափիոնի մենավաճառության տրամադրումը չեղյալ համարեցին, Հ. Ամիրխանյանի փառքն անշքացավ, այլ կերպ ասած՝ նա աղքատացավ: Մի պնդում, որ հետագա հեղինակներն անվերապահորեն ընդունեցին ու կրկնեցին իրենց էջերում:
Այսպես, մեկ այլ հեղինակ՝ Կալկաթայի հայոց քահանա Հովան Խաչկյանը «Հայելի փոքրիկ» (Կալկաթա, 1869 թ.) գրում է.
Մերթ պե/րճացեալ աղայ Յովսէփ ի Սմարանգ,
Դնէր յանձն իւր շուք իշխանի զարդ և պսակ,
Որպէս պայծառ աստղ իմն անզոյգ լուսափայլէր,
Իբր տեղական իշխանութեան գտեալ ժառանգ:
Թէպէտ որպէս մենավաճառ օտարական,
Այլ իբրև տէր սահմանափակ ժողովրդեան,
Ռազմ յարդարէր դնէր ճակատ միշտ ընդ նոսին,
Որք հարէին ի տուր և առս մեկոնական:
Սայլօք վարէր երիցս յամսոջ ի տուն սորին,
Գանձ անհամար իբր եկամուտ օժիտ բախտին,
Սայլօք յարտաքս իցիր զեղոյր ուր չէր արժան,
Զուրկ ի գրոց հաշուապահից առ ցանկ նմին:
Երբ խրատեալ ի յումեմնէ պահել հաշիւ,
Պարզատօմար ել ու մտից գանձուցն անթիւ,
Պատասխանեալ մինչ Տէր տայ ինձ առանց չափու,
Զիարդ զիղջ դնելն ի նա չափ և հաշիւ:
Կալուածք սմա ազնիւ վաճառս պտղաբերէր,
Բով ոսկեղէն գոգ ի սերմանց անդրափոխէր,
Սուրճ և լեղակ, շաքար, պղպեղ այլովք հանդերձ,
Ոսկիաձոյլ սիւն կամարաց յարուցանէր:
Հօտն անբանից գոմշոց, կովուց, նաև եզանց,
Բազմօք սփռեալ ի դաշտի անդ ի գոգս լերանց,
Ծովու խաղաց և նաւք երկու մինչ ցԳանգէս,
Գեղափայլեալ պարզէր դրոշակս ընտիր բեռանց:
Այսպէս մինչ բախտն ինքնին գործէր զարմանալիս,
Կազմէր աթոռ շուք պարծանաց նախանձելիս,
Այլ երբ դարձոյց թև շրջանին ի հակամէտն,
Չէ ի կարիս տալ ի վիպոյ զարհուրելիս:
Մին յետ միոյ շիջան լապտերք լուսոյ ջահից,
Անդ ի տանէ շքոյ նորին պարագայից,
Անկաւ և ինքն ի յաղորայս ցաւոց ներքին,
Մինչ արբ բաժակ դառին մահու յեղակարծից:
Հազիւ մնաց որդւոցն ապրուստ կալուածք չնչին,
Իբր վեցեկի հարիւր հազար ռուփաց ի գին,
Զարդեղինօք կնոջն յաւէտ մօրն խանդակաթ,
Հօրն սեպուհ տան անկելոյ գաղթականին:
Մինչ բաւէր սա անմահանալ ի տան ազգին,
Գործովք վսեմ բարեաց հանուրց անջնջելին,
Թէ դպրատամբք և թէ այլովք յօգուտ բազմաց,
Ի Հայաստան կամ ի Ջուղայ յիւր հայրենին:

Խոսելով անասունների հոտերի, ապրանքատեսակների մասին, հեղինակն ասում է, թե՝ ամիսը երեք անգամ Հ. Ամիրխանյանի տուն սայլերով էին փող բերում: Եվ երբ ինչ-որ մեկը նրան հորդորում է հաշիվ պահել, պատասխանում է, թե՝ Տերն առանց հաշվի է ինձ այսքանը պարգևում, ես ինչո՞ւ հաշվեմատյան պահեմ: Սա սիրուն ասք է, բայց ես չեմ հավատում, և դա բխում է Հ. Ամիրխանյանի անձի ուսումնասիրությունից: Պարզապես մեր ժողովուրդը հակում ունի առասպելներ հորինելու իր առասպելական զավակների մասին, և ես դրան ամենևին դեմ չեմ:
Կխնդրեի նաև ուշադրություն դարձնել, որ այստեղ նավերն արդեն երկուսն են, որոնք հասնում էին Գանգեսի գետաբերան: (Մեկ այլ տեղում Ա. Ալպոյաճյանը հայտարարում է. «ՈՒներ 30 նավ»: Մեկնաբանելն անիմաստ է, ինձ մնում է թավ հարցական նշան դնել: Չեմ կարծում, թե հոլանդական գաղութային իշխանությունն անգամ 30 նավից բաղկացած նավատորմ ունենար…):
Բայց Հ. Խաչկյանի մոտ ակնհայտ է Գ. Զաքարյանի գրքի ազդեցությունը, առ այն, որ Հ. Ամիրխանյանն աղքատացել է, իսկ նրա մահից հետո մնացել է ընդամենը 600 հազար ռուփի արժողությամբ կալվածքը:
Այն, որ 1826 թվականը, իրոք, դժբախտ տարի էր Հ. Ամիրխանյանի համար, ճիշտ է. այդ տարի Նոր Ջուղայում վախճանվեց նրա հայրը՝ աշուղ Ամիրօղլին, և ինչպես նշում է Գ. Զաքարյանը. «Բեկան երկուք ի նաւաց նորա», այսինքն` նրա երեք նավերից երկուսը խորտակվեցին: Բայց որ այդ թվականից Հ. Ամիրխանյանն աղքատացավ, «շիջան լապտերք լուսոյ ջահից», կորցրեց ունեցվածքի մեծ մասը՝ ոչ միայն սխալ, այլև իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդում է: Ճիշտ հակառակը…
1931 թ. բժիշկ, հայտնի հայագետ Վահրամ Թորգոմյանը տրամաբանական կասկած է հայտնել. «Հարց կը ծագի թէ՝ 1826-ին հարստութիւնը մեծապէս կորսնցնող մը, ինչպէ՞ս երեք տարի վերջ 1829-ին կը համարձակի խոստովանիլ թէ ունի շա՜տ մեծ հարստութիւն, իշխանական կեանք, նաւեր եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ թէ կþուզէ անկէ մեծ բաժին հանելով իր նախնեաց երկիրը Ղարապաղը գնել ամբողջովին»:
Հիրավի, վերընթերցեք այս գլխի սկիզբը. Հ. Ամիրխանյանը խոսում է նավերի մասին, այդ դեպքում, եթե երեք նավերից երկուսը ջրասույզ էին եղել, ինչպե՞ս կարող էր հոգնակի թվով խոսել (ի դեպ, Ավ. Ամիրխանյանն էլ գրում է, թե. «…Կարճ ժամանակամիջոցում (……) հարստութեան եւ շատ էլ անշարժ կալւածների տէր է դառնում, ընդ վեց-եօթն նաւերի, որոնք միայն իրեն ապրանքներն էին փոխադրում»): Եվ, ուշադրություն դարձրեք, նամակում նա ափիոնի մասին չի հիշատակում, նշում է շաքար ու սուրճ:
Ի՞նչ մեկնաբանություն կարելի է անել: Դարեր են անցել և դարեր կանցնեն, սակայն մարդու էությունը չի փոխվել ու չի փոխվի: Այսօր մեզ ժամանակակից, մեր կողքին ապրող դրամատերերի ունեցվածքի մասին մենք ամեն ինչ իսպառ գիտե՞նք: Հ. Ամիրխանյանի մահից 17 տարի անց իր գիրքը տպագրած Գ. Զաքարյանը որտեղի՞ց գիտեր Հ. Ամիրխանյանի ունեցվածքի վերաբերյալ, եթե անգամ կասկած է հարուցում նավերի թվաքանակը: Էլ չենք ասում այն մասին, որ նրա գրքում խոսք անգամ չկա Հ. Ամիրխանյանի հռչակավոր նամակի վերաբերյալ: Սակայն մեկ այլ ենթադրություն էլ կարող ենք անել՝ Գ. Զաքարյանն ամեն ինչ հրաշալի գիտեր, ամեն բանի քաջատեղյակ էր, բայց դիտավորյալ թաքցրել կամ խեղաթյուրել է ճշմարտությունը, որովհետև նամակում շարադրված Հ. Ամիրխանյանի մտադրությունը՝ փողով գնել Ղարաբաղը, ներհակ կարող էր լինել հոլանդական կամ անգլիական շահերին:
Ինչ վերաբերում է Հ. Ամիրխանյանի ունեցվածքի համեմատաբար իրական պատկերին, ապա հիմք կընդունեմ Հ. Բուրսի ուսումնասիրությունը:
Եվ այսպես, հոլանդական «Արևելահնդկական ընկերությունը» 1828 թ. Բաթավիայում հիմնեց «Ճավայի բանկը» (Java bank, 1828 թ. Գևորգ Զաքարյանը և Հորդանան Հովհաննիսյանը գնել են այդ բանկի 12-ական բաժնեթուղթ՝ յուրաքանչյուրը 1000 գուլդեն անվանական արժեքով): Դրդապատճառն այն էր, որ Հոլանդիայից Նիդերլանդական Հնդկաստան կանխիկ փող հասցնելը՝ անհրաժեշտ վճարումներ կատարելու և առհասարակ կենսագործունեությունն ապահովելու համար, բախվում էր լուրջ խոչընդոտների. կամ առագաստանավերն էին ուշանում, կամ դրանք դառնում էին ծովահենների զոհ: Շուտով բանկը բազմաթիվ մասնաճյուղեր բացեց ներկայիս Ինդոնեզիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Հովսեփ Ամիրխանյանն արագ կողմնորոշվեց (քիչ է մնում գրեմ, թե դա ղարաբաղցուն բնորոշ աչքաբացություն էր), եռանդուն կերպով մուտք գործեց ֆինանսական ոլորտ. վարկեր էր տրամադրում ինչպես Հնդկաստանում առևտրատնտեսական գործունեություն ծավալած ազգակիցներին, այնպես էլ Նիդերլանդական Հնդկաստանի հոլանդական զինուժին, ընդ որում վերջինիս՝ ցածր տոկոսադրույքով, բայց փոխարենը պահանջելով ու ստանալով նորանոր բարեբեր տարածքներ, այլ կերպ ասած՝ պլանտացիաներ: Ըստ Հ. Բուրսի, նրան էր պատկանում «Ճավայի բանկի» բաժնետոմսերի շուրջ 1/3-ը:
Բացի այդ, նա բուռն կերպով զբաղվում էր իր պլանտացիաների բերքը (ինչը մեր պատմագրության մեջ կոչվում է գաղթաբերք) մայրցամաք տեղափոխելով և այնտեղ վաճառելով, ընդ որում՝ սեփական նավերով, չէ որ գրում էր՝ նավերովս:
Ըստ Հ. Բուրսի, Հ. Ամիրխանյանի զուտ ֆինանսական միջոցները կազմում էին 5 մլրդ աննա: Նա գրում է. «1820-ական թթ. վերջում նրա դրամական միջոցները (չհաշված գույքը և հողի արժեքը) գնահատվում էր շուրջ 5 մլրդ աննա, այդ թվում՝ ոսկի, թանկագին քարեր, վենետիկյան ոսկեդրամ, փոխառության տոմսակներ, պարտամուրհակներ»: Աննան հնդկական գաղութային պղնձե և արծաթե մետաղադրամ էր, որ հավասար էր ռուփիի 1/16 մասին: Թվաբանական պարզ գործողությամբ՝ 5 մլրդ աննան=312,5 մլն ռուփիի: Այս գումարի գնողունակության մասին պատկերացում տալու համար բերենք հետևյալ համեմատությունը: 1794 թ. կալկաթաբնակ Մասեհ Բաբաջանը կտակեց 100 հազար ռուփի, որի մի մասը՝ Նոր Նախիջևանի համայնքին: 1861 թ. բանաստեղծ Միքայել Նալբանդյանը մեծ դժվարությամբ կարողացավ ստանալ շահութատոկոսներից գոյացած գումարի կեսը՝ 60 հազար ռուփի: Այդ գումարով սալարկվեցին Նոր Նախիջևանի կենտրոնը, երկու փողոց, իսկ մնացյալը տրամադրվեց ազգային հաստատություններին՝ հիվանդանոցներին, դպրոցներին, ապաստաններին:
Այսպիսով, կասկածից վեր է, որ Հ. Ամիրխանյանն իր ժամանակի ամենահարուստ հայն էր:
Հասկանում եմ, արդի ընթերցողի մեջ հարց կծագի՝ ի՞նչ եղավ այդ ահռելի հարստությունը. բաժանվեց ինը երեխաների միջև, մի մասն էլ յուրացրեց հոլանդական իշխանությունը: Բայց դա այլ հարց է և իմ հետաքրքրությունների ծիրից դուրս:

 

ՆԱՄԱԿԸ ԵՎ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ
Քաղենք նամակի գործնական մասը.
1) «…Եկող 1830 թվականի նոյեմբեր ամսին մտադիր եմ ապրանքներով բեռնավորված սեփական նավերովս Հոլանդիա ուղևորվել կարևոր գործերով, որ ունեմ Հոլանդիայի թագավորի հետ: Իսկ երբ գործերս վերջացնեմ և նավերս հետ ուղարկեմ Հնդկաստան, Հոլանդիայի թագավորից մի երաշխավորական նամակ վերցրած կգնամ Ռուսաստան և բախտավորություն կունենամ ներկայանալու Նորին Կայսերական Մեծությանը, ապա այդտեղից կգնամ Հայաստան, իսկ Հայաստանից՝ ուղղակի Հնդկաստան: Ահա այդպես, եթե հանգամանքները նպաստեն դիտավորություններիս, ես հնարավորություն կունենամ գոնե մասամբ մխիթարել հայրենակիցներիս, մանավանդ նրանց, ովքեր նեղության մեջ են»:
2) «Նաև աղաչում եմ Ձեզ ինձ համառոտ տեղեկացնել՝ ինչպիսի՞ կյանք են վարում Կայսրության, Վրաստանի ու Հայաստանի հայերը, որքա՞ն են թվաքանակով և ի՞նչ դրության մեջ են: Կցանկանայի նաև իմանալ, թե Ռուսաստանն ի՞նչ մտադրություն ունի մեր ազգի վերաբերյալ, արդյո՞ք ինքը տիրապետելով պիտի կառավարի Հայաստանը, թե՞ այն պիտի դարձնի իր տերության մի առանձին անկախ մասը»:
3) «Միով, բանիվ, հաղորդեցեք ինձ, թե Ռուսաց տերությունն ինչպիսի՞ դիտավորություն ունի մեր ազգի դրության մասին. այդ տեղեկություններով Դուք ինձ վերին աստիճանի կպարտավորեցնեիք: Ի վերջո, պարզապես խոստովանեմ Ձեզ, որ մտադիր եմ, եթե միայն հնարավոր լինի, դրամով գնել իմ նախնյաց երկրները, այն է՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ և կամ մի որոշակի հարկ տալ դրանց տիրելու համար, քանզի հարազատ երկրների կորուստն ինձ համար վերին աստիճանի ցավալի է»:
4) «Եթե մտադրություններս իրագործվեն, ապա ընտանյոք և ունեցածս գումարներով կտեղափոխվեմ Հայաստան, իսկ մնացյալ կարողությունիցս հօգուտ հայրենակիցներիս կհատկացնեմ այնքան, որ նրանք կարողանան տարեկան չորս կամ հինգ լաք ռուփի (ինչը փոխարժեքով կկազմի 500 հազար ռուբլի) եկամուտ ստանալ թե՛ կենդանությանս օրոք և թե՛ ետ իմ մահվան»:
(շարունակելի)

 click here for part 7 / սեղմեք այստեղ տեսնելու մաս 7

Top